«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով

Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով

2024 Հուն 23, Երեքշաբթի

Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Դրվել է ախտորոշում․ «Հղիություն, 34 շաբաթ և 5 օր։ Զույգ պտուղ։ Բարդացած գինեկոլոգիական անամնեզ (ԲԳԱ)՝ ձախ ձվարանի կիստոմա։ Բարդացած սոմատիկ անամնեզ (ԲՍԱ)՝  վարիկոզ հիվանդություն։ Վաղաժամ ծննդաբերության սպառնալիք»:

Նկար 1։ Կիստոմայի ՈՒՁՀ պատկեր։

Ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերված ձախ ձվարանի կիստոմայի չափերը եղել են՝ 165*120 մմ (նկ. 1):

Իրականացվել է տոկոլիտիկ, սպազմոլիտիկ և հակաէմետիկ թերապիա։ Որոշվել է սպիտակուցի առկայությունը մեզի 1 չափաբաժնի մեջ, որը կազմել է 7,1 գ/լ-ում։

Զարկերակային ճնշումը եղել է նորմայի սահմաններում։ Որոշվել է հղիին ծննդալուծել կեսարյան հատման ճանապարհով՝ պլանային կարգով, և իրականացնել կիստոմայի հեռացում։

Կատարվել է կեսարյան հատում․ տոտիկներով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,980 գ քաշով, 44 սմ հասակով, ապա գլխիկով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,780 գ քաշով, 42 սմ հասակով։ Նորածիններն, ըստ Ապգարի սանդղակի, գնահատվել են 7/7 բալ։

Արգանդի ամբողջականությունը վերականգնվել է վիկրիլե անընդհատ կարերով՝ ըստ Ռևերդենի, այնուհետև հեռացվել է կիստոման և ուղարկվել շտապ հյուսվածաբանական հետազոտության՝ վիրահատության հետագա ծավալը որոշելու նպատակով։                        

Նկար 2։ Կիստոման՝ ինտրաօպերացիոն։

Կիստոմայի չափերը եղել են 16,0*20,0 սմ (նկ. 2

Հեռացված կիստոմայի հյուսվածաբանական պատկերը համադրելի է եղել սերոզ ցիստադենոմայի հետ (նկ. 3


 
Նկար 3։ Սերոզ ցիստադենոմայի հյուսվածաբանական պատկեր։

Կատարվել է որովայնի խոռոչի դրենավորում։ Արյան կորուստը կազմել է 600,0 մլ, մարմնի զանգվածի մոտավորապես 0,8 %-ը։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել բավարար վիճակում։

Հղիության ընթացքում ձվարանների զանգվածային նորագոյացությունների մասին համառոտ տեղեկատվություն

ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագիտական թիմից այս կլինիկական դեպքի շրջանակում աշխատել են Ա.Կ. Բլբուլյանը, Կ.Կ. Առուստամյանը, Ա.Ռ Բադալյանը, Է. Բ. Հարությունյանը։
 
Հղիությունների մոտավորապես 0,2-2%-ն ուղեկցվում է հավելումների նորագոյացությունների առաջացմամբ։ Դրանց մեծամասնությունն առաջանում են ձվարաններից, հայտնաբերվում են հղիության առաջին եռամսյակում, կարող են ինքնաբերաբար վերանալ, քանի որ իրենց բնույթով, սովորաբար, պարզ ֆունկցիոնալ կիստաներ են:

Նորագոյացությունների որոշ տեսակներ չեն անհետանում և կարող են չափերով մեծանալ ու կլինիկական դրսևորումներ ունենալ:

Ախտանշանները ոչ սպեցիֆիկ են և վերագրվում են հղիության դեպքում դիտվող ֆիզիոլոգիական փոփոխություններին, որի պատճառով ախտորոշումը կարող է հետաձգվել և ախտորոշվել միայն նորագոյացության չափերով մեծացման, հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի, վարակման, չարորակացման, փոքր կոնքում կիստայի սեղմման ժամանակ, ինչը, հաճախ, պահանջում է շտապ միջամտություն: Այս հիվանդների շրջանում ոլորումներն ամենատարածված բարդությունն են: Հղիության ընթացքում ձվարանների ոլորման վտանգը բարձրանում է 5 անգամ և ավելի հաճախ հանդիպում է առաջին եռամսյակում։

Ոչ սպեցիֆիկ ախտանշաններից են մեջքի կամ որովայնի ցավը, փորկապությունը, որովայնի փքվածությունը և միզարձակման խանգարումները: Մեկ այլ դրսևորում է համարվում նախածննդյան այցելության ժամանակ որովայնում, կոնքում կամ Դուգլասյան տարածությունում հայտնաբերված շոշափվող գոյացությունը: Մյուսը որովայնի սուր ցավն է՝ կապված հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի հետ։

Հղիների մոտ ձվարանների սերոզ ցիստադենոմայի հանդիպման հաճախականությունը 5-28% է: Սերոզ ցիստադենոմաները բարակ պատերով և կիսաթափանցիկ կիստաներ են, որոնք, սովորաբար, միախոռոչ են, պարունակում են սակավ միջնապատեր և հաճախ միակողմանի են, թեև կարող են լինել նաև երկկողմանի։

Հղիության ընթացքում ձվարանների նորագոյացությունների ախտորոշման մեջ մեծ է ուլտրաձայնային հետազոտության դերը:

Մեծ չափերով կիստաների դեպքում խորհուրդ է տրվում վիրաբուժական միջամտություն։ Երկրորդ եռամսյակը համարվում է իդեալական՝ վիրաբուժական միջամտության համար, քանի որ նվազում է 1-ին եռամսյակում ինքնաբեր վիժումների և 3-րդ եռամսյակում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը: Ե՛վ բաց վիրահատությունը, և՛ լապարոսկոպիան կարող են իրականացվել՝ հաշվի առնելով կիստայի տրամագիծը, հղիության ժամկետը և վիրաբույժի համապատասխան փորձառությունը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը